ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են Մայր աթոռից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Գարեգին Երկրորդը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին
Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:
Հիշեցնենք` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները օգոստոսի 30–ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով տեղ չեն հասել։