ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Երևանյան լճի վրա այսօր բացվել է հանրապետությունում առաջին լողացող արևային էլեկտրակայանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ:
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը բացման արարողությանը նշել է` թեև այս կայանի հզորությունը մեծ չէ, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար:
«Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,-– ասել է նախարարը։
Բացմանը ներկա են եղել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, պաշտոնատար այլ անձինք:
Ի դեպ, կայանը կառուցել է ֆրանսիական «Transenergie» ընկերությունը՝ գերմանական, ավստրիական և ֆրանսիական սարքավորումների հիման վրա։ Ջրի վրա կայաններն արդեն տեղադրվում են ամբողջ աշխարհում։ Դրանք մի շարք առավելություններ ունեն` տարածք չեն զբաղեցնում, ջրի մեջ ավելի լավ են սառչում, ինչը մեծացնում է նրանց արդյունավետությունը, իսկ արևային վահանակները նվազեցնում են լճից կամ ջրամբարից գոլորշիացումը։
Կայանը ղեկավարելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամը (հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից, հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչները)։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, լողացող կայանի հզորությունը մոտ 150 կվտ է, իսկ արտադրությունը տարեկան կկազմի շուրջ 200 հազար կվտ/ժ։
Կայանը սկսել են նախագծել 1.5 տարի առաջ։ Այժմ, երբ կայանը պատրաստ է, հաջորդ շաբաթ կմիացվի էլցանցին։
Աշխատանքների արդյունքում հիմնադրամը կառավարությանը կներկայացնի օրենսդրական առաջարկներ, որոնք կպարզեցնեն նման նոր կայանների կառուցումը։
Մանրակրկիտ կուսումնասիրվի նաև կայանի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Արդեն իսկ գոյություն ունեցող լողացող կայանների փորձը ցույց է տալիս, որ դրանք նոր էկոհամակարգ են դառնում ջրային կենդանական և բուսական աշխարհի համար (ինչպես կորալային խութերը): Հիմնադրամի մասնագետները կուսումնասիրեն ինչպես այդ գործընթացները, այնպես էլ կայանի վիճակը. վահանակների և կոնստրուկցիաների վրա խոնավության ազդեցությունը և դրանք մաքրելու օպտիմալ եղանակները։
Հիմնադրամը մասնավոր ներդրողներին օգնելու համար կայանի վերաբերյալ տեխնիկատնտեսական և բնապահպանական փաստաթղթերը հրապարակել է իր կայքում։ Նրանցից մեկն արդեն իսկ Որոտանի կասկադ ՀԷԿ–ի ջրամբարներից մեկում ուսումնասիրում է նման հնարավորությունը։