ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե որ փուլում է հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը։
ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության վերաբերյալ ՀՀ առաջարկներին։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները ներկա պահին կանգ են առել։
«Հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, մեր հերթն էր դա անելու, և դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,– հայտնեց նախարարը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց` թեպետ առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո, սակայն գործընթացն ու քննարկումները շարունակվում են։
Ինչ վերաբերում է տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում հանդիպումների և բանակցությունների անցկացմանը, ապա, նախարարի խոսքով, գրեթե մշտապես առաջարկներ ստացվում են։ Նա շեշտեց, որ այս պահին որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 25–ին Մոսկվայում։