ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգումը կսկսվի սեղմ ժամկետներում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Նազարյանի հարցին։
Վերանորոգման մեկնարկը հետաձգվում է, քանի որ նախագծանախահաշվարկային փաստաթղթերը փորձաքննությունը չեն անցել:
«Լրամշակումների կարիք է առաջացել։ Դա է պատճառը, որ աշխատանքները ձգձգվում են։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս այդ լրամշակումը կավարտվի, Մենք փաստաթղթերի վերջնական փորձաքննություն կանցկացնենք և անմիջապես կսկսենք վերանորոգումը», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված է 200 միլիոն դրամ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ և ներառում է ինչպես հետազոտական աշխատանքների համար նախատեսված տարածքներ, այնպես էլ ցուցասրահ: