Կապված է զգայուն հարցերի հետ․ ԵՄ-ն ՝ դեպի ԼՂ Աղդամի ճանապարհով բեռների տեղափոխման մասին

ԵՄ դրոշները Բրյուսելում
Անդրադառնալով Ակնա-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական բեռների առաքմանը` ԵՄ-ից նշում են, որ տեղի բնակչության համար կանոնավոր մարդասիրական մատակարարումները կվերսկսվեն դրանից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Աղդամ (Ակնա)-Ասկերան ճանապարհի բացումը պետք է դառնա այն քայլը, որը կօգնի Լաչինի միջանցքի բացմանը։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Կազինջեի հայտարարության մեջ։
«Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, ինչպես նաև ընդգծում ենք մատակարարման այլ ուղիների առավելությունները՝ ի շահ տեղի բնակչության», - ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կտրուկ վատանում է, ուստի անհրաժեշտ է կազմակերպել կենսական նշանակություն ունեցող ապրանքների առաքումը Ղարաբաղի հայ բնակչությանը։ ԵՄ-ն կոչ է անում շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան ճանապարհները գործարկելու համար։
Անդրադառնալով Ակնա-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական բեռների առաքմանը` ԵՄ-ն նշում է, որ այս գործընթացը ներառում է «մի շարք զգայուն հարցեր» և ակնկալում է, որ տեղի բնակչության համար կանոնավոր մարդասիրական մատակարարումները կվերսկսվեն դրանից հետո:
Նշվում է, որ Ղարաբաղում ճգնաժամը շատ երկար է տևել, ուստի կարևոր է գտնել կայուն և փոխադարձ ընդունելի լուծումներ մարդասիրական բեռների մատակարարման համար, ներառյալ աշնան և ձմռան ամիսներին:
Ընդգծվում է, որ Եվրամիությունը նոր կոնկրետ քայլեր է ակնկալում առաջիկա օրերին և շաբաթներին ՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ երկխոսության շուրջ, ինչպես նաև հաշտեցման պայմանների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ:
Հիշեցնենք` ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:
ՌԴ խաղաղապահներն ապահովել են մարդասիրական օգնության անվտանգ տրամադրումը ԼՂ-ի բնակիչներին