Էլեկտրամոբիլներին տրված արտոնությունների ժամկետը կերկարաձգվի. ՀՀ փոխվարչապետ

Ամենայն հավանականությամբ, սա կլինի արտոնությունների վերջին մեխանիկական երկարաձգումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Էլեկտրամոբիլներին տրված արտոնությունների ժամկետը ևս մեկ տարով կերկարաձգվի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խոսքը վերաբերում է ներկրման և օտարման համար ավելացված արժեքի հարկից ազատմանը։
«Սակայն սա, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին մեխանիկական երկարաձգումը»– ասաց Գրիգորյանը։
Էլեկտրամոբիլների հայկական շուկան փոքր է, բայց զարգանում է. փորձագետը՝ ԵԱՏՄ նորմերի մասին
Նրա խոսքով՝ ապագայում իշխանություններն ավելի հստակ կարգավորումներ կմշակեն էլեկտրամոբիլների վերաբերյալ. կսահմանվի շահառուների նույնականացում, արտոնություններ և ներմուծվող էլեկտրամոբիլի տեսակը (հիբրիդային կամ ոչ հիբրիդային) և այլն:
«Իհարկե, շատ լավ է, որ հոսք ունենք և ներմուծումների դինամիկան շատ լավ է։ Բայց ֆիքսենք, որ էլեկտրամոբիլների ուտիլիզացիոն ռեժիմը լրիվ այլ է, շատ ավելի թանկ է, շատ ավելի լրացուցիչ անելիքներ է ենթադրում։ Կարծում եմ` մեր հետագա կարգավորումները նաև այդ հարցի պատասխանները պետք է տան և դրանք հասցեագրեն»,– նշեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ էլեկտրական մեքենաների ներմուծման համար ԱԱՀ վճարումից ազատելու հարկային արտոնությունը սահմանվել էր 2019 թվականին: Զուգահեռաբար, ԵՏՀ խորհուրդը 2020 թվականի մարտին որոշում է ընդունել մինչև 2021 թվականի ավարտը երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծվող էլեկտրամոբիլների մաքսատուրքը վերացնելու մասին։
ԵԱՏՄ–ն առաջին քայլն է անում էլեկտրամոբիլների լիցքավորման ընդհանուր ստանդարտի ուղղությամբ
2021 թվականի դեկտեմբերի վերջին որոշում է կայացվել էլեկտրական մեքենաների ԱԱՀ-ից ազատման արտոնությունը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին։