ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ-ում հումանիտար իրավիճակը բարելավելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը: ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Լաչինի միջանցքին այլընտրանքային մյուս ճանապարհների գործարկման վերաբերյալ նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ:
«Դա ԼՂ իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է, այստեղ չեմ կարծում, որ Հայաստանը պետք է միջամտի»,– հայտարարեց Խանդանյանը։
ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ արդյունք կա Ռուսաստանի ու Արցախի միջև բանակցություններից:
Հիշեցնենք` ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: