ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և քննարկումներ ունեցել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
«Երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք։ Պետք է արդյունավետորեն դիմակայել արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանել ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ էլ Արցախի նորընտիր նախագահն այցելել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ ուժային կառույցների ղեկավար կազմի հետ ծառայողական խորհրդակցություն էր անցկացրել։ Քննարկվել է Արցախում առկա ռազմաքաղաքական իրադրությունը։