ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հյուսիսային Կորեայի համար գերակայությունն են:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը
© Sputnik / Михаил Метцель
«Մեր բարեկամությունը խորը արմատներ ունի, և այժմ մեր երկրի համար առաջնահերթություն են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները», - ասել Է Կիմ Չեն Ինը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա ՌԴ ղեկավարին վստահեցրել է, որ Փհենյանը պաշտպանում է Մոսկվայի բոլոր որոշումները և ցանկանում է հետագայում ևս զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ ՌԴ–ն և ԿԺԴՀ-ն միշտ միասին կպայքարեն իմպերիալիզմի դեմ, ինչպես նաև ինքնիշխան պետություն կառուցելու համար:
«Այժմ Ռուսաստանը ոտքի է կանգնել ՝ պաշտպանելու իր պետական ինքնիշխանությունը ու անվտանգությունը, դիմակայելու հեգեմոնիստական ուժերին, որոնք հակադրվում են Ռուսաստանին», - ասել է նա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
© Sputnik / Михаил Метцель
Կիմ Չեն Ինը վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը երկկողմ հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի:
Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել նրան Ռուսաստան ժամանելու համար՝ նշելով, որ շատ թեմաներ են կուտակվել քննարկելու համար։ ՌԴ նախագահը առաջարկել է քննարկել տնտեսական փոխգործակցության և հումանիտար բնույթի հարցեր, ինչպես նաև խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
Բանակցություններից առաջ Պուտինն ու Կիմ Չեն Ինը «Վոստոչնի» տիեզերակայանում դիտել են «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրը: Երկու երկրների ղեկավարներն այցելել են մոնտաժային-փորձարկման կորպուս, նրանց պարզաբանումներ են տրվել հրթիռների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ:
Կիմ Չեն Ինին ուղեկցում են ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Չհվե Սոն Հին, աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմական վարչության բաժնի ղեկավար Պակ Չոն Չհոնը, Կենտրոնական ռազմական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բյոն Չհոլը: