ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Մի քանի տասնյակ ուսուցիչ այս պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա վստահեցրեց նաև, որ կա ուսուցիչ, որը ստանում է ընդհուպ 530.000 դրամ աշխատավարձ։
«Այս պահին մենք ունենք 1562 ուսուցիչ , որոնց աշխատավարձը բարձրացել է ատեստացիայի արդյունքում»,– ասաց նա։
Նախարարը հավելեց նաև, որ սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է ուսուցիչների ատեստավորման նոր փուլ։ ԿԳՄՍՆ–ում արդեն մասնակցության 6600 դիմում կա։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50% հավելավճար կստանան։
Նշվել էր նաև, որ ուսուցչի աշխատավարձը 50%-ով էլ կարող է բարձրանալ տարակարգի միջոցով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է համակարգ նոր ուսուցիչների մուտք գործելուն: