Ռուսաստանը բանակցում է, սեղմ ժամկետում Լաչինի միջանցքը պետք է վերագործարկվի. Աբրահամյան

Աբրահամյանը նշեց, որ ռուսական Կարմիր խաչի բեռնատարը, որը մուտք է գործել Արցախի տարածք, պարունակել է առաջին անհրաժեշտության մեծ թվով ապրանքներ, իսկ վերմակներ տեղափոխելու տեղեկությունը սուտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում հնարավորինս սեղմ ժամկետում Լաչինի միջանցքը վերագործարկելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` փոխանցելով իր ունեցած տեղեկությունը:
Արցախից 13 բուժառու ԿԽՄԿ–ի մեքենաներով տեղափոխվել են ՀՀ հիվանդանոցներ
Աբրահամյանն ընդգծեց, որ թեպետ Ակնա–Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական Կարմիր խաչի բեռնատարը կարողացել է մուտք գործելու Արցախ, սակայն Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը:
«Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, և Ադրբեջանն ագրեսոր է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը»,- ընդգծեց Աբրահամյանը։
Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկությանը, թե իբր ռուսական Կարմիր խաչի բեռնատարերը միայն վերմակ են տեղափոխել, նա նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Աբրահամյանը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ պնդում էր, որ Ակնա–Ստեփանակերտ ճանապարհով մուտք պետք է գործի ոչ թե ռուսական կողմի մեքենան, այլ ադրբեջանական Կարմիր մահիկի, սակայն նման պնդումները, փաստացի,այս փուլում հնարավոր է եղել կանխել։
«Արցախի տեղեկատվական շտաբը, որը հրապարակել է տեղեկությունը, ընդգծել է, որ սա տեղի է ունեցել Ռուսաստանի հայտնի նախաձեռնության շրջանակներում։ Սրա հետ կապված մի քանի օր է` տեղեկություն եղել է, ու սա ենթադրում է կարճ ժամանակ հետո Լաչինի միջանցքի վերագործարկումը»,–հավելեց նա։
Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Բեռնատարում եղել է մթերային 1000 փաթեթ, 192 մանկական հավաքածու, 270 անկողնային, 200 հիգիենիկ պարագաների հավաքածուներ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։