ՌԴ ԱԳՆ–ն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը կբացվի Աղդամի երթուղուն զուգահեռ

ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում հուսով են, որ մարդասիրական օգնությունը երկու ուղղություններով էլ կանոնավոր հիմունքներով անխոչընդոտ կհասնի Լեռնային Ղարաբաղ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Լաչինի միջանցքը կապաշրջափակվի Աղդամի ճանապարհին զուգընթաց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրված ռուսական մարդասիրական օգնությանը։
Նրա խոսքով` ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի մարդասիրական բարդ իրավիճակի կարգավորման համար։
«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկած նախաձեռնության շրջանակում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությամբ մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը` այս աշխատանքը հեշտ չէր առաջ ընթանում», – ասվում է մեկնաբանության մեջ։
ԿԽՄԿ-ի ղեկավարն ու Բայրամովը քննարկել են դեպի Ստեփանակերտ 2 երթուղով ճանապարհների բացումը
Սեպտեմբերի 12-ին որպես առաջին քայլ «Ռուսական Կարմիր խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով մարդասիրական օգնության խմբաքանակ է մատակարարվել տարածաշրջան։
ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ նախկինում ձեռք բերված համաձայնությունը հաշվի առնելով` առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կբացվի նաև Լաչինի միջանցքը, այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր հիմունքներով երկու ուղղություններով էլ անարգել մուտք կգործի տարածաշրջան:
«Ռուսաստանը հույս ունի, որ այդպիսով ԼՂ–ում մարդասիրական իրավիճակը կկայունանա, իսկ տեղի բնակչության նորմալ կենսագործունեությունը կվերականգնվի։ Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն հաստատելու և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2020-2022 թվականներին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի իրականացման հարցում ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», – նշվում է մեկնաբանությունում։
Հիշեցնենք` ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: