ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 2016, 2020 և 2022 թվականների ռազմական գործողություններին մասնակցած և 2022 թվականին պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված 146 անձինք, որոնք գործազուրկ էին համարվում, զբաղվածության ապահովման պետական ծրագրի շրջանակներում 2023 թվականին աշխատանք են գտել և այժմ գործատուների հետ ունեն 1 տարվա աշխատանքային պայմանագիր։ Տեղեկությունն այսօրվա ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
Նշենք, որ «Ռազմական գործողություններին մասնակցած և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման» ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի։ 2022 թվականին ծրագրից օգտվել է 280 անձ։ Այս տարի կանխատեսվում է, որ ծրագրի համար կդիմեն մոտ 500 անձինք, սակայն այս պահին որոշակի պասիվություն է նկատվում։
Սարգսյանը նշեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս գործատուին ընտրել առաջարկվող երեք տարբերակներից մեկը, թե ինչպես է ցանկանում ծրագրի շահառուին աշխատանքի ընդունել։
Առաջին դեպքում, եթե գործատուն գտնում է, որ կարիք կա մասնագիտական ուսուցման (առավելագույնը 5 ամիս), պետությունը փոխանցում է շահառուի ուսուցման վարձը (որը պետք է կազմի ոչ ավել քան ամսական 50.000 դրամ) և տրամադրում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով կրթաթոշակ (37.500 դրամ)։ Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ մասնագիտական ուսուցում ստանալուց հետո առնվազն մեկ տարի շահառուն աշխատանքային պայմանագիր ունենա գործատուի հետ։ Եթե առանց հիմնավոր պատճառի գործատուն հրաժարվի նշված շահառուի հետ մեկ տարի աշխատելուց, պետք է փոխհատուցի նրան վրա ծախսված ուսուցման վարձը։
1 տարվա ընթացքում պետությունը գործատուին շահառուի հարկերի համար կփոխհատուցի առավելագույնը 50.000 դրամ։
Երկրորդ դեպքում, եթե գործատուն գտնում է, որ պետք է շահառուն մինչև 3 ամիս տևողությամբ պրակտիկա անցնի իր մոտ, ապա պետությունը երեք ամիս փոխհատուցում է շահառուի աշխատավարձը և հարկերը, իսկ մնացած 9 ամիսը` հարկերը (1 տարվա պայմանագրի դեպքում) 50.000 դրամի չափով։
Երրորդ դեպքում, եթե գործատուն գտնի, որ ծրագրի շահառուին պետք չէ մասնագիտական կրթություն կամ պրակտիկա, մեկ տարվա աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում կստանա միանվագ 300.000 դրամ աջակցություն։
«Ծրագրի նպատակն այն է, որ խրախուսվեն գործատուները, որոնք կցանկանան այս թիրախային խմբին ընդունել իրենց մոտ աշխատանքի։ Ե՛վ գործատուները, և՛ նշված թիրախային խմբի անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակի տարածքային կենտրոններ և գրանցվել»,–ասաց Սարգսյանը։
Ծրագրի օգնությամբ շահառուները կարողացել են բժշկի, ատամնաբույժի, խոհարարի, կահույքագործի, վեբ դիզայների, մարկետոլոգի, հաշվապահի, զոդողի, վարսահարդարի աշխատանք գտնել։
Եթե այնպես ստացվի, որ գործատուն մեկ տարի անց չցանկանա աշխատել շահառուի հետ, վերջինս իր կուտակած փորձով հնարավորություն կունենա ավելի հեշտ նոր աշխատանք գտնել։