ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայաստանյան բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։ Նրանք դեմ էին արտահայտվում նոր չափորոշիչներին և նշում, որ ոտնահարվում են իրենց իրավունքները` աշխատանքից հետո տանը շարունակում են աշխատել, շաբաթ–կիրակի օրերին շաբաթվա պլան են լրացնում, աշխատավարձերի առումով էլ անհավասարություն է դրված ուսուցիչների միջև
Ուսուցիչների հետ հանդիպմանը նախարարը շեշտել է, որ ուսուցիչների կատարած աշխատանքը գնահատելի է և շատ կարևոր։
«Հասկանալի է, որ փոփոխությունները ենթադրում են հավելյալ խնդիրներ և դժվարություններ, ադապտացման որոշակի փուլ։ Այդ ընթացքը պետք է անցնենք միասին՝ բացահայտելով խնդիրները և համատեղ փնտրելով դրանց լուծումները։ Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում»,- ասել է Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ հիմնական խնդիրն առաջացել է ոչ թե թեմատիկ պլանավորման անհրաժեշտությունից, այլ դրանք տեղեկատվական համակարգում ներմուծելու տեխնիկական լուծումներից, որը դպրոցներին առաջարկվել է մեթոդական նոր ուղեցույցով։
Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ․ այն առաջարկվել է մեթոդական ցուցումով, սակայն ուսուցիչները կարող են կիրառել կամավորության սկզբունքով՝ ըստ ցանկության։
Նախարարը պարզաբանում է ներկայացրել նաև զինղեկների վարձատրության առնչությամբ՝ նշելով, որ դրույքաչափի իջեցում չի լինելու։
Հիշեցնենք, որ սեպտեմբերից հանրակրթական նոր չափորոշիչներ են ներդրվել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։ Չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված` դասագրքերը փոփոխվում են (մրցույթների մի մասն ամփոփվել է, բայց որոշ դասարանների համար անհրաժեշտ դասագրքերի մեծ մասը տպագրության փուլում են)։
Փոփոխություններ են արվել դասարանների կոմպլեկտավորման, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման համակարգերում։