Փաշինյանն ինձ ընդարձակ նամակ է ուղարկել․ Պուտին

ՌԴ նախագահը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա օրերս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մենք նրա հետ մշտապես կապի մեջ ենք, Հայաստանի հետ որևէ խնդիր չունենք, և Փաշինյանի հետ որևէ խնդիր չունենք», - ասել է նա Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել էր, թե ինչու այլ առաջնորդների թվում չի զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խոսելու սահմանին լարված իրավիճակի և ադրբեջանական զորքերի կուտակումների մասին:
Նա նշել է, որ դեկտեմբերից մինչ օրս Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ավելի քան մեկ տասնյակ անգամ: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ ՌԴ նախագահի հետ վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որ նոր զրույցի անհրաժեշտություն առաջանա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների, Իրանի և Վրաստանի առաջնորդներին, իսկ նախօրեին խոսել է նաև Թուրքիայի նախագահի հետ: