ՌԱԴԻՈ

Պայքարելն իմաստ չունի, պետք է հարմարվել. Ֆանյանը` «Wildberries»-ից դժգոհողների մասին

Տնտեսագետը հորդորում է օգուտ քաղել նոր իրավիճակից։
Sputnik
Համաշխարհային տնտեսության սահմանները վերանում են, համացանցը բերում է նոր հնարավորություններ, և հայաստանյան գործարարները նույնպես պետք է հասկանան, որ իրենք մրցակցում են արդեն գլոբալ շուկայում։ Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնորոշեց առցանց առևտրի ազդեցությունը հայկական շուկայի վրա ու հայ գործարարների դժգոհությունը «Wildberries» առցանց առևտրի հարթակից։
«Համաշխարհային շուկայի տենդենցների դեմ պայքարելն այս պարագայում ուղղակի իմաստ չունի, պետք է փորձել հարմարվել»,– նշեց տնտեսագետը` գործարարներին խորհուրդ տալով ոչ թե բողոքել, այլ օգտվել առցանց առևտրի ընձեռած նոր հնարավորություններից։
««Wildberries»–ը և նմանատիպ այլ հարթակները մեր տեղական արտադրողներին ու առևտրի ոլորտում ներգրավված անձանց մեծ հնարավորություն են տալիս առանց մեծ տրանսակցիոն ծախսերի աշխատել շատ ավելի խոշոր շուկաների հետ` Ղազախստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, ՌԴ–ի։ Այսինքն` սա հնարավորություն է, որից կարելի է խելամիտ կերպով օգտվել և բավական լուրջ օգուտներ ստանալ»,– ասաց Ֆանյանը։
Տնտեսագետի դիտարկմամբ` «Wildberries»–ը և առցանց առևտրի այլ հարթակները վկայում են, որ առևտրի ոլորտը համաշխարհային մասշտաբով փոխվում է, և ոլորտում ներգրավված անհատներն ու ընկերությունները ևս իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն նոր իրողություններին։
Ինչ վերաբերում է սպառողների շահերին, Ֆանյանն ընդգծեց, որ սպառողը միանշանակ շահում է առցանց առևտրից, և բնական է, որ շարունակելու է վաճառքի ավելի ձեռնտու պայմաններ փնտրել, հետևաբար, անհնար է սպառողին ստիպել գնել ավելի թանկ ապրանքը տեղում, հատկապես որ երբեմն խոսքը ոչ թե տեղական արտադրության ապրանքի մասին է, այլ նույն ապրանքի մի քանի անգամ թանկ վերավաճառքի։
«Առանձին դեպքերում մարդիկ փորձում են բարձր շահույթներ ստանալ, օրինակ` ապրանքը ձեռք են բերում 3 դոլարով, վաճառում` 5000 դրամով։ Բնականաբար, ցանկացած ռացիոնալ սպառող, եթե այլընտրանք ունի, փորձելու է ապրանքը ձեռք բերել այլընտրանքային աղբյուրներից»,– նշեց տնտեսագետը։
Ֆանյանը չի բացառում, որ ընթացող վերափոխումների ընթացքում հայաստանյան գործարարների մի մասը կհասկանան, որ առևտրի ոլորտում մարժան ավելի ցածր է, և կտեղափոխվեն տնտեսության այլ` ավելի շահութաբեր ոլորտներ` ծառայությունների, արդյունաբերության, շինարարության։ Բայց մի մասը կշարունակի աշխատել առևտրի ոլորտում` ընդունելով խաղի նոր կանոնները։
«Իրականությունը ոչ թե պետք է մերժել, այլ փորձել հարմարվել ու օգուտ քաղել նոր իրավիճակից։ Ես վստահ եմ, որ խելամիտ գործարարները կձգտեն նոր հմտություններ ձեռք բերել ու իրենց բիզնեսում օգտագործել»,– ընդգծեց տնտեսագետը։
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա էին նախաձեռնել ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը և հավասար պայմաններ ստեղծել իրենց համար։ Ավելի ուշ «Wildberries»–ի ղեկավարությունը գործարկեց նոր հավելված, որով սահմանափակվեց ՀՀ–ի համար նախատեսված գնից ցածր գնով ապրանքների ձեռքբերման հնարավորությունը։
Բացի այդ, «Wildberries»–ը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է անվճար վերապատրաստման ծրագրեր անցկացնել տեղական բիզնեսի այն ներկայացուցիչների համար, որոնք բախվում են շուկայում աճող առցանց մրցակցության հետ։ Դա թույլ կտա ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հարթակում վաճառք սկսելու և իրենց բիզնեսը ծավալելու համար ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Նշենք, որ «Wildberries»–ի հրապարակած տվյալներով` Հայաստանում այսօր ավելի քան 2000 ձեռներեցներ իրենց արտադրանքը վաճառում են այդ հարթակի միջոցով։ Միայն օգոստոսին Հայաստանում արտադրված ապրանքների վաճառքը ռուսաստանյան առցանց հարթակի միջոցով կազմել է 4,5 մլրդ դրամ։