ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մարդիկ, որոնք զբաղվում են արտասահմանում ռուսական ակտիվների առգրավմամբ, չեն հասկանում իրենց համար բացասական հետևանքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ:
«Օրինականորեն վաստակած միջոցների դուրսբերումը (ոչ բարեկամական երկրներում), ահա, գիտեք, ոչ թե իմ միջոցներն են, այլ մեր ընկերությունների, մեր ձեռնարկատերերի միջոցները, դե, դա պարզապես անցնում է բոլոր սահմանները», – իրավիճակը մեկնաբանել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մարդիկ, որոնք զբաղվում են արտերկրում ռուսական ակտիվների առգրավմամբ, չեն հասկանում իրենց համար բացասական հետևանքները: Որպես օրինակ նա նշել է դոլարով հաշվարկների սահմանափակումը, որի արդյունքն այն է, որ բոլոր երկրները սկսել են մտածել ազգային արժույթներով հաշվարկների ու խնայողությունները ԱՄՆ-ից դուրս պահելու մասին։
Լիագումար նիստի ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձել է արտերկրում Ռուսաստանի արժութային պահուստների սառեցման հարցին:
«Մենք արդեն երկու անգամ ավելի շատ ենք վաստակել։ Հարցն այդ 300 միլիարդը չէ, այլ դա անող մարդկանց հանդեպ վստահության խաթարումը։ Նրանք փոշիացնում են իրենց հանդեպ վստահությունը», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանվում էր ՌԴ պետական եվրապարտատոմսերի վճարումների կարգը, որը թույլ կտա գործարկել օտարերկրացիների և ռուսների սառեցված ակտիվների փոխանակման մեխանիզմը:
Սխեման կսկսի գործել 2023 թվականի դեկտեմբերի 15-ից։ Հենց այդ ժամանակ Ֆինանսների նախարարությունը կկարողանա եվրապարտատոմսերի օտարերկրյա սեփականատերերի հետ հաշվարկներ կատարել Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի սառեցված հաշիվներից ստացված միջոցներով։ Այսպիսով, ոչ ռեզիդենտները կարող են գումարներ ստանալ ռուս ներդրողների սառեցված հաշիվներից։