Իշխող թիմում հավատում են` եթե ինձ բոլորը քննադատում և հայհոյում են, ուրեմն ես հանճար եմ

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի նիստը. Արխիվային լուսանկար
Sputnik
Հանճարի գաղտնիքը մարդկությունը մինչև հիմա էլ չի կարողացել բացահայտել, այնինչ, Ջոն Լենոնը պնդում էր, որ դրա համար մեծ ջանքեր չեն էլ պահանջվում։ «Երբ 12 տարեկան էի, հաճախ էի մտածում, որ ես, ամենայն հավանականությամբ, հանճար եմ, բայց դա ոչ ոք չի նկատում։ Տրամաբանում էի՝ կա՛մ հանճար եմ, կա՛մ խելագար։ Խելագար չեմ, այլապես գժանոցում կլինեի։ Ուրեմն ես հանճար եմ»,- եզրակացնում էր «Բիթլզ» քառյակի անդամը։ Իրականում 20-րդ դարում տարբեր երկրներում նույնիսկ հատուկ կենտրոններ էին ստեղծվել հանճարեղ մարդկանց ուղեղներն ուսումնասիրելու նպատակով. սկզբում հետազոտվում էին արդեն մահացած հայտնի գործիչների ուղեղները, բայց հետո, երբ բժշկագիտությունը զարգացավ և տարածվեց տոմոգրաֆիան, արդեն կարիք չկար սպասելու մինչև մարդը կյանքից հեռանար։
Խորհրդային Միությունում հիմնադրվեց Ուղեղի ինստիտուտը, որտեղ կար այսպես կոչված Հանճարների պանթեոն, այսինքն, հատուկ պայմաններում պահպանվում էի այն մարդկանց գլխուղեղները, որոնց Սովետի ղեկավարությունը հանճարեղ էր համարում։ Այդ պանթեոնի մասին ժամանակին առասպելներ էին տարածվում, ոմանք պնդում էին, թե խորհրդային հատուկ ծառայությունները ուղեղներ էին գողանում, որոնք պահվում էին արևմտյան հետազոտական կենտրոններում։
Իրականությունն այն է, որ երբ Խորհրդային Միությունը քանդվեց, պարզվեց, որ այդ լեգենդար պանթեոնում, որն այժմ գտնվում է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայում, բացի նախկին ղեկավարների, գիտության և արվեստի գործիչների՝ Կալինինի, Լունաչարսկու, Գորկու, Մայակովսկու, Ստանիսլավսկու, Միչուրինի և Ցիոլկովսկու ուղեղներից, պահվում են միայն երեք արտասահմանցիների ուղեղներ։ Նրանցից մեկը Կլարա Ցետկինն է, երկրորդը՝ Ճապոնիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր Սեն Կատայաման և երրորդը՝ ֆրանսիացի կոմունիստ գրող Անրի Բարբյուսը, որն, ի դեպ, երկար տարիներ մտերիմ է եղել այն մարդու հետ, որին ողջ աշխարհում համարում են հանճարեղության խորհրդանիշ։ Այո՛, շատ ճիշտ եք, խոսքը Ալբերտ Էյնշտեյնի մասին է։
Երբ Էյնշտեյնը մահացավ Ամերիկայում 1955 թվականին, նրա ուղեղը յուրացրեց Փրինսթոնի հիվանդանոցի մասնագետ, բժշկագիտության դոկտոր Էրիկ Թոմաս Հարվին։ Եվ միայն 70-ական թվականներին «New Jersey Monthly» պարբերականի թղթակից Սթիվեն Լևին պատահաբար պարզեց, որ հանրահայտ ֆիզիկոսի ուղեղն առաջվա պես գտնվում է Հարվիի մոտ, որը փորձում է բացահայտել Էյնշտեյնի հանճարի գաղտնիքը։ Միանգամից ասեմ, որ եթե այլ հայտնի մարդկանց դեպքում առանձնապես վառ արտահայտված շեղումներ մինչև հիմա չեն հայտնաբերվել, ապա Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, մասնագետների վկայությամբ, ակնհայտորեն տարբերվում է այսպես ասած «նորմալ» մարդու ուղեղից։ Օնտարիոյի Համիլթոնի անվան համալսարանի պրոֆեսոր Սանդրա Վիթելսոնը Էյնշտեյնի ուղեղն ուսումնասիրելուց հետո խոստովանել է, որ «այլ մարդկանց մոտ երբեք նման բան չի տեսել»։
Շատերը, իհարկե, հոռետեսորեն են վերաբերվում այն տեսությանը, թե մարդու հանճարեղությունը պայմանավորված է նրա ուղեղի առանձնահատկություններով։ Վերցնենք թեկուզ նույն Էյնշտեյնի ամենահայտնի արտահայտություններից մեկը. «Հանճարեղությունն ու հիմարությունը մեկ տարբերություն ունեն՝ հանճարեղությունն ի վերջո սահմաններ ունի, իսկ մարդկային հիմարությունն անսահման է»։ Համաձայնե՛ք, հիմարության մասին Էյնշտեյնի ասածի ճշմարտացիության մեջ գրեթե ամեն օր ենք համոզվում, այնինչ, շատ դժվար կամ ընդհանրապես անհնար է որոշել հանճարեղության սահմանը։ Միշտ մտածել եմ՝ միգուցե դա հենց այդ ձևակերպո՞ւմն է, որը հնչում է Ինգմար Բերգմանի «Աշնանային սոնատ» հրաշալի ֆիլմի վերջում. «Մարդկային միտքը սահման չունի, այն կարող են սահմանափակել միայն քարացածությունն ու վախը»։
Համաձայնե՛ք, վատ չէր լինի, եթե այս խոսքերին անսային մեր հարազատ իշխանությունները, որոնք, միգուցե նույնիսկ անգիտակցաբար հետզհետե ավելի ու ավելի են խտացնում քարացածության, անելանելիության և վախի մթնոլորտը։ Սակայն ենթադրում եմ, որ նրանց շատ ավելի հոգեհարազատ է ամերիկացի բանաստեղծ Ռալֆ Էմերսոնի ասածը. «Իսկական հանճարի հայտնվելը պատահում է այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են դավեր նյութել նրա դեմ»։ Միգուցե սխալվում եմ, բայց ինձ, չգիտես ինչու, թվում է, որ իշխող թիմում անպակաս են այն մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են՝ եթե ինձ բոլորն այդքան խիստ քննադատում ու հայհոյում են, ուրեմն ես հաստատ հանճար եմ։ Չե՞ք կարծում։