ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Հայտնի է, թե Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մեջ ինչ ապրանքներ կան։ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկություն է հրապարակել այդ մասին։
Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն:
Նշվում է, որ Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ, որի մեջ մտնում է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։
Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։
Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։
«Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսական Կարմիր խաչի բեռնատարում եղել է նաև 270 անկողնային պարագաների, 200 հիգիենիկ պարագաների հավաքածուներ։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես էր եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։