ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտնել էինք, որ ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Սեպտեմբերի 9–ին` ժամը 14:30-ին, պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:
«Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես էր եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։