Համարձակ ղեկավարները կշնորհավորեին. Սեյրան Օհանյանը` Արցախի նախագահին չշնորհավորելու մասին

Սեյրան Օհանյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Պատգամավորի կարծիքով` Արցախ հասցված ռուսական բեռը կարող է որոշակիորեն մեղմել ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ակնայի ճանապարհով Արցախ հասցված ռուսական բեռները կարող են որոշակիորեն մեղմել Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Որքան էլ ասենք` Արցախի ժողովրդի ոգին բարձր է, բայց այնտեղ հումանիտար ճգնաժամ է, նման քայլերը կարող են որոշակիորեն նվազեցնել հումանիտար ճգնաժամի ազդեցությունը։ Մանավանդ, որ այս մեքենայի շարժը հնարավորություն է տալու, որ Լաչինի միջանցքն ամբողջովին բացվի»,– ասաց Օհանյանը։
Նրա կարծիքով` քանի որ ռուսական մեքենան է այդ ճանապարհով Արցախ մտել, Լաչինի ճանապարհի բացման հարցը կարելի է նաև, այսպես ասած ՌԴ իշխանությունների առջև դնել, որ նրանք էլ գործնական ու հստակ քայլեր ձեռնարկեն` Ադրբեջանին պարտադրելու բացել ճանապարհը։ Կարծում է, որ այս պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, Արցախը պետք է ավելի ինքնուրույն, ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում նաև իր շահերը թելադրել Ադրբեջանին։
Հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Բեռնատարում եղել է մթերային 1000 փաթեթ, 192 մանկական հավաքածու, 270 անկողնային, 200 հիգիենիկ պարագաների հավաքածուներ։
Ինչ վերաբերում է Արցախի կառավարման համակարգում փոփոխություններին, Օհանյանը դրանք դրական գնահատեց։ Վստահ է, որ հիմա լուրջ փոփոխություններ, հմուտ, ճիշտ մարտավարական քայլեր են անհրաժեշտ Արցախն այս իրավիճակից դուրս բերելու համար։
«Մեր ժողովրդի մի մասն է Արցախը, և Արցախի Հանրապետությունը ձևավորված հանրապետություն է, Արցախն ինքնորոշվել է, անկախ ամեն ինչից մեր երկրի ղեկավարները պետք է շնորհավորեին Արցախի նախագահին, կարծում եմ` չշնորհավորելու պատճառը ոչ թե արդյունքն է, այլ այն վախերը, որ ունեն։ Վախենում են միջազգային պայմանավորվածություններից, որ երևի ձեռք են բերել Ադրբեջանի հետ»,– նշեց Օհանյանը` անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։ Սեպտեմբերի 11-ին էլ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում վարչապետը նշեց, որ առանձնապես շնորհավորելու բան էլ չկա։
Օհանյանը հիշեցրեց` ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ։ Այնուամենյանիվ, նույնիսկ այս իրավիճակում, ըստ Օհանյանի`համարձակ ղեկավարները կշնորհավորեին Արցախի նորընտիր նախագահին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։