ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից մի քանիսն առաջատարների ցանկում են։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է 6 խաղափուլերից հետո արձանագրված արդյունքները։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արսեն Դավթյանը վաստակած 5 միավորով երկրորդ հորիզոնականում է:
«Այս տարիքային խմբում առաջատարների թվում են նաև Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը, ովքեր վաստակել են 4.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները»,– տեղեկացնում են ֆեդերացիայից։
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Էրիկ Գասպարյանը 4.5 միավորով 6-րդ հորիզոնականում է:
Իսկ արդեն մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը վաստակած 5.5 միավորով միանձնյա առաջատարն է, Ալբերտո Աթոյանը 4.5 միավորով` 6-րդ հորիզոնականում:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում երկրորդ հորիզոնականում է Տիգրան Համբարձումյանը` 5 միավորով:
Հայ պատանի աղջիկ շախմատիստները լավագույն տասնյակում են. մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը, իսկ մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 4–ական միավորով 9-րդ հորիզոնականում են։
Նշենք, որ առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: