ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

Ավելի վաղ ԵՄ գրասենյակներ էին բացվել Գորիսում, Մարտունիում, Ջերմուկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր գրասենյակ է բացել Տավուշի մարզկենտրոն Իջևանում։ Տեղեկությունը նշված է ԵՄ հայաստանյան առաքելության X–ի (նախկին` Twitter) պաշտոնական էջում։
Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նրանք միասին կտրել են Տավուշում գրասենյակի բացման ժապավենը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ բացվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Բացման արարողությանը մասնակցել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
Ավելի վաղ գրասենյակներ էին բացվել Գորիսում, Մարտունիում, Ջերմուկում։ ՀՀ–ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։ Նա նշել է, որ առաջիկայում նոր հաբեր կբացվեն նաև Իջևանում և Եղեգնաձորում։
Բացի այդ, 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացածեվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: