ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է ԼՂ–ում տիրող իրավիճակի շուրջ հրատապ քննարկում սկսել

ԵԽԽՎ
ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտնում է, որ առաջարկվել է նաև տարբեր հանձնաժողովներում հրատապ կարգով լսումներ կազմակերպել նույն թեմայի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
«Հանձնաժողովը ԵԽԽՎ բյուրոյին առաջարկել է հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպել ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում»,– գրել է Վարդանյանը։
Նա նշել է, որ առաջարկվել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (մոնիտորինգի) և միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային լիագումար նստաշրջանը կանցկացվի հոկտեմբերի 2-5-ը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Ռուսական Կարմիր խաչը 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը