ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է 100 մլն դրամ գրավի դիմաց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սմբատյանի որդին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ազատ է արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց։
«Հսկող դատախազի որոշումն է։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Արմեն Սմբատյանի նկատմամբ 100 մլն դրամի չափով գրավ կիրառելու մասին: Նրա նկատմամբ համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելքը»,– ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։