Արկածախնդրություն է կարծել, թե անվտանգությունը կարելի է ապահովել առանց ՌԴ–ի. Օհանյան

Սեյրան Օհանյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Օհանյանը կոչ արեց Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Առնվազն քաղաքական կարճատեսություն և արկածախնդրություն է կարծել, թե Հարավային Կովկասում անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։ Այս մասին ՀՀ ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով` Հայաստանի գործող իշխանությունը խաղաղության գործընթացի շղարշի ներքո իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը։
Առաջինը` Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս ներկայիս իշխանությունը հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանի հանձնառությունից։ Եվ երկրորդ` գեներացնում և խրախուսում է հակառուսական տրամադրություններ, որոնք ուղեկցվում են ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով։
«Այս իշխանությունների կողմից անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերվում այն պատմական պոտենցիալի նկատմամբ, որն առկա է հայ–ռուսական հարաբերություններում։ Փաստ է, որ արցախահայության թեկուզ և նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները։ Եվ հասարակական քաղաքական գործընթացներում հակառուսական մանիպուլյացիաները չեն նպաստելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրների լուծմանը»,–ասաց նա։
Օհանյանը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը ծանր ճակատագրական հարվածներ է ստացել , երբ Հայաստանը վերածվել է գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմի։ Հայաստանում այդ ուժերի բախման նախադրյալների ստեղծումը կամ նրանց միջև հակասությունների խորացումը կործանարար է երկրի համար։
«Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ էթնոկրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպան ուժերի և միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնել ռազմական գործողությունների ռիսկը»,–ասաց նա։
Օհանյանը վստահ է, որ հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով։
«Հետևաբար, անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա «չեզոք-կառուցողական միջնորդական» քաղաքականությունը»,–ասաց նա։
Օհանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները պարտավոր են`
1.
ա) վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը,
2.
բ) դադարեցնել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումն ու խրախուսումը,
3.
գ) պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն։
«Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժը»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։