ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի–Sputnik. Որքան էլ ՀՀ գործող իշխանությունները փորձեն քարոզել ու տարածել, որ Արցախը չունի դաշնակիցներ, բայց դա այդպես չէ։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Աշխարհաքաղաքական դեակատարներից միայն ՌԴ–ն է, որ որևէ բացասական արձագանք նախագահ Շահրամանյանի ընտրությանը չի արել։ Որքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, տարածել, որ Արցախը չունի դաշնակիցներ, Արցախն ունի դաշնակիցներ, և դա տեսանելի է թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հայտարարությունների և ելույթների հետ կապված»,– ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է այսօր Ակնայով Արցախ հասցված ռուսական բեռներին, Մամիջանյանը կոչ արեց մեր հայրենակիցներին սպասել մի քիչ։ Խոստացավ, որ ժամերի ընթացքում բոլորը կհասկանան, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր իշխանությունը։ Պատգամավորը վստահ է, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է։
Նա մեկնաբանեց նաև այսօր Ադրբեջանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ռուսական Կարմիր խաչի մեքենան բեռներ է հասցրել Ստեփանակերտ ԱՄՆ–ի և մյուս գործընկերների հետ պայմանավորվածության արդյունքում։ Դրանից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասել էր, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Արցախի նորընտիր իշխանությունների, ՌԴ–ի և ԱԴրբեջանի հետ բանակցությունների արդյունքում։ Մամիջանյանը նշեց` այս երկընտրանքի մեջ ինքը միանշանակ վստահում է Աբրահամյանի և Արցախի նորընտիր իշխանությունների տարածած տեղեկատվությանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։