ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից սեպտեմբերի 5-ից մինչ այսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկումների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն են դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերը։ Արցախի նախագահն ու ուժային կառույցների ղեկավարները խոսել են նաև առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրների մասին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Արցախի նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։