Շան մասին հաղորդագրությունն ամբողջությամբ հորինված է. Արցախի ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

Զինծառայող
Ադրբեջանը հայտարարել է, թե իբր հայկական կողմը փորձել է ահաբեկչական գործողություն իրականացնել շան միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Այս հայտարարությունն արել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ–ի հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»,– ասված է Արցախի ՊՆ–ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանական գերատեսչությունն առավոտյան հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում։