«Սա նախագիծ է ոչ մի բանի մասին». ԱԺ–ն քննարկում է անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծում է, որ օրենքն անհավասար պայմաններ է ստեղծում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. Ազգային ժողովի պատգամավորի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը ԱԺ–ում կարող է քննարկվել կա՛մ առաջիկա հերթական նիստում, կա՛մ ԱԺ արտահերթ նստաշրջանում, կա՛մ արտահերթ նիստում։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի այսպիսի փոփոխություն են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Արփի Դավոյանը։
Պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանն էսկալացիայի չհասնի. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա նիստերում։ Ըստ պատգամավորների` այս կարգավորումներով միջնորդագրի քննարկումն անտեղի ձգձգվում է։
«Եթե, օրինակ, դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, այսինքն` հունիս ամսին, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենա սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները, քանի որ միջնորդագիրն ԱԺ–ն կկարողանա քննարկել միայն սեպտեմբերին, այսինքն` 3 ամիս անց»,– օրենքի առաջարկվող փոփոխությունների հիմնավորումը ներկայացրեց պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց` սա նախագիծ է ոչ մի բանի մասին։ Ըստ նրա, եթե, օրինակ, գլխավոր դատախազը ցանկանա ՔՊ–ից որևէ մեկին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել, խմբակցության պատգամավորներն ի աջակցություն իրենց գործընկերոջ նիստին չեն գա, ու այդպիսով նիստը չի կայանա։
«Եթե դա լինի «Հայաստան» խմբակցության Y պատգամավորի նկատմամբ, կգան, և անհավասար պայմաններ է ստեղծվում արտահերթ նիստ գումարելու համար։ Չե՞ք կարծում, որ հենց միայն նման անհավասար պայմաններ ստեղծելու պատճառով այս փոփոխությունը կարելի է չընդունել»,– նկատեց Նազարյանը։
ՀՀ–ում ուզում են վերացնել մահապատիժը բոլոր դեպքերում. օրենքն Ազգային ժողովում է
Դրան ի պատասխան Հասմիկ Հակոբյանը վստահեցրեց` եթե իրենց խմբակցությունից որևէ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու հարց լինի, ապա խմբակցության պատգամավորներն ու հենց ինքը` տվյալ պատգամավորը,առիթը բաց չի թողնի պարզաբանումներ ներկայացնելու և արդարանալու հնարավորության համար։