ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Էլ Ռիյադում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մեդալների համար պայքարի մեջ մտավ Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշային կարգում հայ ծանրորդը պոկում վարժությունում բրոնզե մեդալ վաստակեց, բայց երկամարտում զրո ստացավ։
Պոկում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման համար, ըստ նախնական պատվերի, պետք է բարձրացներ 155կգ կշռող ծանրաձող։ Հարությունյանը շատ հստակ կատարեց իր մոտեցումը ու գլխավերևում պահեց պատվիրված քաշը։ Երկրորդ մոտեցմամբ Ռաֆիկը գլխավերևում ֆիքսեց 160 կգ-ը և ապահովեց առնվազն բրոզե մեդալը պոկում վարժությունում։ Մեդալների համար պայքարում էին երեք ծանրորդ` Մոխամեդկոդիր Տոշտեմիրովը, Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի Օսկար Ռեյեսը և մեր ծանրորդը։
Հարությունյանը երրորդ մոտեցման ժամանակ մոտեցավ 162 կգ կշռող ծանրաձողին ու հստակ բարձրացրեց այն։ Իտալացին բարձրացրեց 163 կգ, իսկ ուզբեկը` 164 կգ։ Այսպիսով` պոկումում Հարությունյանը վաստակեց բրոնզե փոքր մեդալ։
Հայ ծանրորդը, ցավոք, անհաջող սկսեց հրում վարժությունը, որում ձախողեց առաջին մոտեցումը` չկարողանալով բարձրացնել 190 կգ։ Երկրորդ մոտեցումն էլ մեր մարզիկի մոտ հաջողված չէր։ Զրո ստանալու վտանգ առաջացավ։ Եվ նման պայմաններում Հարությունյանը վա բանկ գնաց ու երրորդ մոտեցման համար պատվիրեց 193 կգ։ Նպատակը մեկն էր` երկամարտում մեդալ վաստակել։ Ծանրաձողի հետ կռիվ տալով` Ռաֆիկը բարձրացրեց քաշը, բայց մրցավարները չհաշվեցին այն, ու մեր մարզիկը, զրո ստանալով, դուրս մնաց պայքարից։ Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի Օսկար Ռեյեսը։