Փորձում են ապօրինի գույքն օրինականացնե՞լ. նվիրատվության գործարքները շեշտակի աճել են

ԱԺ նիստ. Ալեն Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
Նոտարներն ու Կադաստրի կոմիտեն պարտավորություն են ունենալու նվիրատվությունների գործարքների մասին հաշվետվություն տալ ԿԲ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Վերջին տարիներին հանրապետությունում նվիրատվության գործարքների շեշտակի աճ է արձանագրվել, ինչը ռիսկեր ունի, թե այդ ճանապարհով փորձում են ապօրինի ծագման գույքն օրինականացնել։ Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվող փոփոխության նպատակն է ՀՀ–ում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար պարտականություն սահմանել` Կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնել նվիրատվությունների մասով։
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրեց վերջին 3 տարիների տվյալները։ 2020թ. գրանցվել է Երևանում նվիրատվության 4017, մարզերում` 8674 գործարք, արդեն 2021թ. Երևանում 5882, մարզերում` 12060 գործարք, իսկ 2022թ.` Երևանում` 7334, մարզերում 15765 գործարք։
«Նվիրատվության գործարքների անընդհատական աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց մեջ կարող են լինել այնպիսի գործարքներ, որոնք նպատակ ունեն թաքցնելու ապօրինի ճանապարհով ձեռք բերած գույքն ու, այսպես ասած, օրինականացնելու այն»,– նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` Կենտրոնական բանկի տրամադրության տակ եղած տվյալները հնարավորություն կտան գնահատելու ռիսկերը, ինչպես նաև առանձին դեպքերում կանխելու կամ բացահայտելու ապօրինի գույքի վերաբերյալ կատարված առանձին գործարքները։ Փոխնախարարի կարծիքով` սա ռիսկերը կառավարելու և գնահատելու հնարավորություն է, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից։