Պրահայի համաձայնությունը եղել է, երբ արձանագրվել է` ՌԴ առաջարկն այլևս ակտուալ չէ. Փաշինյան

Պրահայի քառակողմ հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նրա խոսքով` Պրահայի և մնացած մյուս բոլոր պայմանավորվածությունները չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ արձանագրվել է, որ ՌԴ առաջարկը` Խովաևի պլանը, այլևս ակտուալ չէ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Նա նշեց, որ ՌԴ առաջարկն Ադրբեջանը մերժել է, ու ՌԴ–ն այդ մերժման բերումով այլևս չի կարողացել պնդել այդ առաջարկը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության պնդումներին, թե Լաչինի միջանցքում ՌԴ խաղաղապահների կողմից վերահսկողություն չի իրականացվում ու ՌԴ-ի այն հայտարարություններին, որ եթե ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախն Ադրբեջանի կազմում ու մերժում է Խովաևի պլանը, ապա ՌԴ խաղաղապահներին տեղին չէ մեղադրելը, ՀՀ վարչապետն արձագանքեց` ասելով, որ մինչ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր քայլը ՌԴ–ն երկու անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ ԼՂ–ն միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է։
«Պրահայի և մնացած մյուս բոլոր պայմանավորվածությունները չեն չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները։ Իր հերթին 2020 թ. հայտարարությունը չէր կարող չեղարկել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ բոլոր երկրների անկախությունների դե յուրե ճանաչումն է»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Իսկ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Դրան նախորդել էր եռակողմ հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։