ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում ձեռնարկում է քայլեր տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք` որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բաննէսկալցիային, առհասարակ` ռազմական մեծ գործողություններին չհասնի»,– ասաց նա։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հայ– ադրբեջանական սահմանին կուտակումներ են նկատվում ու հավելեց, որ ՊՆ հրապարակած տեսանյութերում պարզ երևում է, որ դրանք հրետանային միջոցներ են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինկենի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հետ և նույն հայտարարությունն արել նրանց հետ զրույցում։
ՀՀ ԱԳՆ–ն այս ֆոնին հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: