ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ուշադրության կենտրոնում են պահել նաև անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:
«Մեր հիմնական աշխատանքը կոնֆիդենցիալ է: Միայն կարող եմ հաստատել` դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ պահվող բոլոր հայազգի անձանց մենք հերթական անգամ տեսակցել ենք: Տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տվել ենք հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- նշեց Ամատունին:
Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։