ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Իրադրությունն այնպիսին է, որ Արցախի նոր նախագահին շնորհավորելու շատ բան չկա էլ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սեպտեմբերի 9–ին Արցախում տեղի ունեցած նախագահի ընտրությանը և հարցին, թե ինչու նա չշնորհավորեց նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։
«Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ. մեր միջև միշտ եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ու փոխըմբռնում։ Այսօր Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Այսօր մենք մեր մոտեցումները միջազգային հանրության հետ համադրելու, այլ ոչ թե հակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք նաև ԼՂ–ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառոմով»,– հայտարարեց նա։
Վարչապետը վստահեցրեց, որ ԼՂ իշխանության հետ շփումը կա, եղել է ու կարծում է` դեռ կլինի` իրադրության մասին առաջին աղբյուրից տեղեկանալու համար։
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս և թե արդյոք ճի՞շտ էր այդ հայտարարությունը, եթե հաշվի առնենք դրանից հետո էլ ավելի սրված սահմանային լարվածությունը և Ադրբեջանի կոշտացված հռետորաբանությունը, ապա Փաշինյանը նշեց, որ «իրավիճակի լուծման ճարտարապետության մասին ՀՀ պայմանավորվածությունն է փորձել առաջնորդվել այդ հայտարարությամբ ու ցույց տալ ՀՀ հավատարմությունն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ Բրյուսելում»։
«Մենք ներկայացնում ենք ճարտարապետություն, որը լեգիտիմ է միջազգային իրավունքի և միջազգային հանրության տեսանկյունից։ Մենք ուզում ենք անել այնպիսի ձևակերպումներ, որոնց դեպքում ՀՀ լեգիտիմությունը լինի անխոցելի։ Դա մենք անում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ ՀՀ-ի և ԼՂ-ի համար»,– վստահեցրեց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։
Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։