Ի՞նչ կտա քեշբեքը կինոյում. Հայաստանում 2 լիամետրաժ ֆիլմ ու «Netflix»–ի սերիալ կնկարահանեն

Съемки фильма на открытом воздухе
Եթե ֆիլմարտադրողը տեսանելի ու ընկալելի ձևով ներկայացնի այնպիսի պատմություն, որը կնույնականացվի մեր երկրի կամ հերոսների հետ, լրացուցիչ գումարի վերադարձ կստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկայում աշխարհահռչակ կինոռեժիսոր կայցելի Հայաստան նոր ֆիլմի նկարահանումների համար։ Այսօր Ազգային ժողովում «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ տեղեկությունը հայտնեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Պատգամավորը նշեց, որ ռեժիսորի այցելությունը, ինչպես նաև օրենսդիր, գործադիր և ֆիլմարտադրողների միջև հուշագրի ստորագրումն ակնկալվում է օրենքի ընդունումից հետո։ Մեր երկրում նախատեսվում է երկու լիամետրաժ ֆիլմ և հայտնի «Netflix»–ի սերիալ նկարահանել։
Կինոն մարզերում. Կապանում ցուցադրվել է ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» ֆիլմը
Ի՞նչ է նախատեսվում օրենքի նոր փոփոխություններով։ Օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում կառավարությունը կսահմանի և կհրապարակի այն ապրանքների և ծառայությունների ցանկն ու պայմանները, որոնցից օգտվելու դեպքում կինոարտադրողները 10-40 տոկոս գումարի վերադարձ կստանան։
«Այս համակարգը ներդնում ենք և ակնկալում ենք, որ առաջիկայում Հայաստանում կինոարտադրության ոլորտում իսկապես էական առաջընթաց կարձանագրվի` հաշվի առնելով այն երկրների փորձը, որտեղ ներդրվել է այս համակարգը։ Մոտ 3-4 տարում տեսանելի են դարձել մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ, մասնավորապես` մեր հարևան Վրաստանում»,– նշեց օրենքի նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։
Ըստ նրա` այս փոփոխությունների արդյունքում վերջին տարիների ընթացքում մի քանի հայտնի ռեժիսորներ Վրաստանում են նկարահանումներ կատարել։ Օրենքով սահմանվում է նաև, որ եթե կինոարտադրողը ֆիլմում տեսանելի և ընկալելի ձևով ներկայացնի այնպիսի պատմություն, որը որևէ կերպ կնույնականացվի Հայաստանի Հանրապետության, պատմամշակութային հուշարձանների, տեղանքների կամ հերոսների հետ, հնարավոր է նաև` լրացուցիչ գումարի վերադարձ լինի։
Աշխարհում սա նորություն չէ, կիրառվում է ավելի քան 4 տասնյակ երկրում, այդ թվում` եվրոպական։
Դուք կտեսնեք աներևակայելի մի բան. Միշա Գալուստյանը կխաղա հնդկական ֆիլմում