ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանը վաղուց է մեկնարկել։ Այն ՀՀ ընթացակարգերով երկար տևած գործընթաց է, որը վատ համընկնումներ ունեցավ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ համընկնումը, օրինակ, եղավ Հաագայի դատարանի համատեքստում։ Ուզում եմ ասել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ամենևին կապ չունի հայ–ռուսական հարաբերությունների հետ, այլ միայն սահմանային լարվածության հետ կապ ունի»,– ընդգծեց նա։
Նշենք, որ սեպտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման:
Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա նա նշեց, որ այսօր Հայաստան–Ադրբեջան, ԼՂ–Ադրբեջան սահմանին լարված է, քանի որ Ադրբեջանը սահմանին զորքերի որոշակի կուտակումներ ունի։
«Այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Ըստ անհրաժեշտության` այդ հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ»,– ասաց նա։
Նա անդրադարձավ նաև իր տիկնոջ` Աննա Հակոբյանի` մեծ աղմուկ բարձրացրած` Ուկրաինա կատարած այցին` նշելով, որ պետք չէ այն քաղաքականացնել։
«Դա անհարկի քաղաքականացվում է, մինչդեռ կինս երկար ժամանակ է` ներգրավված է առաջին տիկինների գործընկերության մեջ ու այդ շրջանակում մասնակցում է միջոցառումների։ Նման մի միջոցառում, ի դեպ, նաև ՀՀ–ում է նախատեսված»։
Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժություններին` նա վստահեցրեց, որ դա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում ՀՀ–ում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում կայանալիք զորավարժություններն ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններում ԱՄՆ ուժերի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը:
Իսկ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։