ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. Եվրոպայի խորհրդի անդամ 46 պետություններից միայն Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս չեն վավերացրել բոլոր դեպքերում մահապատիժը վերացնելու մասին օրենքը։ Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ներկայացնում էր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից` բոլոր դեպքերում մահապատիժը վերացնելու մասին թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
«Ես ունեմ մտավախություն։ Մենք պետք է օր առաջ սա վավերացնենք, որովհետև չենք ուզում որևէ պարագայում լինել մի ցուցակի մեջ, որտեղ կա Ադրբեջանը»,– հայտարարեց պատգամավորը։
Վարդանյանը հիշեցրեց` անկախ հանրապետության պատմության մեջ երբևէ մահապատիժ չի իրականացվել, 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ էլ արձանագրվեց, որ մեր երկրում մահապատիժ չի կարող իրականացվել որևէ պարագայում։
«Ինչո՞ւ են մահապատժի ինստիտուտի մասին քննարկումները բավականին ակտիվ դրսևորումներ ստանում հատկապես պատերազմի ժամանակահատվածում, որովհետև կա մի առասպել, որը, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է մասսմեդիայում, ռազմական գործողությունների ժամանակ մահապատիժն ի կատար է ածվում հենց տեղում։ Դեռ 1949 թ. ընդունված Ժնևյան կոնվենցիաները նման ընթացակարգ չեն նախատեսում»,– ասաց Վարդանյանը։
Նա հավելեց, որ Ժնևյան կոնվենցիաները պայքարում են, այսպես կոչված, արտադատական մահապատիժների դեմ, որոնք կիրառում է ռազմական գործողությունների ժամանակ այս կամ այն կողմը`շեշտելով, որ այս ուղղությամբ Հայաստանը մեծ աշխատանք ունի կատարելու, որպեսզի արտադատական մահապատիժները դիտակվեն որպես ռազմական հանցագործություն։
«Ժնևյան կոնվենցիաները սահմանում են հետևյալ ընթացակարգը. նույնիսկ հակառակորդի զինծառայողների նկատմամբ դու կարող ես մահապատիժ նշանակել, բայց այն իրագործել հնարավոր է միայն հովանավորող տերություններին կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղյակ պահելուց հետո` 6 ամիս անց»,– նշեց Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո էլ Ադրբեջանը մահապատիժներ է իրականացրել Արցախի անզեն բնակիչների, նաև գերեվարված անձանց նկատմամբ։
Դրան ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը շեշտեց` արտադատական մահապատիժները որևիցե վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ և պետք է պատժվեն համընդհանուր իրավազորության սկզբունքով։
«Դեռևս վաղ միջնադարում ձևավորված սովորույթ, որը ենթադրում էր` հանցագործը պետք է պատժվի այնտեղ, որտեղ կհայտնաբերվի։ Ասել է թե` որտեղ ես քեզ կհայտնաբերեմ, այնտեղ էլ ես քեզ կպատժեմ, և մենք պետք է հետամուտ լինենք, որ մարդկության դեմ ուղղված ցանկացած ռազմական հանցագործություն հետապնդվի ամբողջ աշխարհում»,– հավելեց Վարդանյանը։
Բոլոր տեսակի ռազմական հանցագործությունները, մարդկայնության և խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները պետք է դատապարտվեն արդյունավետ իրավական ընթացակարգերի միջոցով։
Վլադիմիր Վարդանյանը շեշտեց` այս խնդրին դեռ կանդրադառնան, երբ անցնեն այն փաստաթղթի վավերացմանը, որը ստեղծված է միջազգային հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներ և պատժի ընթացակարգեր նախատեսելուն։