ՀՀ–ում 33–ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է շուրջ 115 մլն դրամ

Միջոցներ են ձեռնարկվում` արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում 33-ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հարուցված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին արտասահմանյան բանկերի քարտապաններից համակարգչի միջոցով հափշտակել են 190.729.061 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։
«Ապա հայաստանյան բանկերից մեկի կողմից սպասարկվող համակարգով 306 միջազգային գործարքներով՝ փոխանցումներով, այդ գումարն ուղղվել է ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի հարկերի միասնական հաշվին՝ հօգուտ Հայաստանում գործող թվով 8 անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության: Քննությամբ պարզվել է, որ նշված ԱՁ-ներից մեկը և ՍՊ ընկերությունը պատկանում են նույն 33-ամյա տղամարդուն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հափշտակված գումարից 59.259.823 ՀՀ դրամը ՀՀ-ում գործող նշված բանկի կողմից վերադարձվել է արտասահմանյան բանկերի քարտապաններին՝ վերջիններիս բողոքների և որպես կասկածելի գործարքներ համարվելու պատճառով։
Սակայն մնացած 131.469.238 ՀՀ դրամը տարբեր մասնաբաժիններով փոխանցվել է տվյալ վճարային համակարգում գործող հարկերի միասնական հաշվին` ի օգուտ անհատ ձեռնարկատեր 33-ամյա տղամարդու և նրա հետ փոխկապակցված 5 անհատ ձեռնարկատերերին` իբրև վերջիններիս հարկային պարտավորությունների մարմանն ուղղված գումար։
Դա այն դեպքում, երբ նշված կազմակերպությունները կա՛մ հարկային պարտավարություններ չեն ունեցել, կա՛մ ունեցել են չնչին հարկային պարտավորություններ:
Այնուհետև 33-ամյա երիտասարդը հարկային պարտավորությունների գերավճար գումարները հետ ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատերերի անունից ՀՀ ՊԵԿ-ին ներկայացրել է էլեկտրոնային դիմումներ և փաստացի հետ ստացել 115.651.800 ՀՀ դրամը։
2023 թվականի օգոստոսի 29-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է 33-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին քննիչի միջնորդությունը, և ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Փողերի լվացումը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:
33-ամյա երտասարդի կողմից փողերի լվացման վերաբերյալ ավելի վաղ առանձանցված վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
33-ամյա երիտասարդի, նրան փոխկապակցված ԱՁ-ների շարժական և անշարժ գույքի վրա դրվել է կալանք։
ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելը) քննվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Միջոցներ են ձեռնարկվում արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղությամբ։