Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Խորվաթիային

Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում
Համեմատած սեպտեմբերի 8-ին կայացած Թուրքիա – Հայաստան խաղի` մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ընտրանու մեկնարկային խմբում մեկ փոփոխություն էր կատարել։ Որակազրկված Վարազդատ Հարոյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Անդրե Կալիզիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին։
Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում
Ցավոք, հանդիպման մեկնարկը հաջողված չէր մեր թիմի համար։ Խորվաթները ստանդարտից, մասնավորապես անկյունայինից հետևած փոխանցումից հետո բացեցին խաղի հաշիվը։ Գնդակը անդրադարձավ մեր պաշտպանից, և Անդրեյ Կրամարիչը այն ուղարկեց Չանչարևիչի պաշտպանած դարպասը։ Մի քանի րոպե անց Էդուարդ Սպերցյանը շատ մոտ էր պատասխան գնդակը խփելուն, բայց վստահ խաղաց խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Նախաձեռնությունը աստիճանաբար անցավ հյուրերին։ Մեր հավաքականը փորձում էր արագ հակագրոհների միջոցով սպառնալ մրցակցի դարպասին։ Առաջին կեսի վերջում խորվաթները կարող էին կրկնապատկել հաշիվը, բայց Օգնեն Չանչարևիչը, կարողացավ փրկել մեր թիմին Իվան Պերիշիչի հարվածից հետո։
Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում
Մինչև ընդմիջում ֆուտբոլային առումով թերևս այսքանը կարելի էր առանձնացնել, բայց եղավ նաև ոչ ֆուտբոլային միջադեպ, երբ տրիբունաներից մեկում ծեծկռտուք սկսվեց։ Դժվար է ասել, թե պատճառն ինչ էր, առավել ևս, որ խորվաթ երկրպագուները որակազրկված են, և հանդիպմանը կարող էին հետևել միայն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստների ընտանիքի անդամները կամ հարազատները։ Բայց չի բացառվում, որ որոշ խորվաթ երկրպագուներ կարողացել էին մտնել ստադիոն։
Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում
Ընդմիջումից հետո մեր թիմը շարունակում էր պայքարել։ Եղան սպառնալիքներ Լիվակովիչի դարպասին, բայց խորվաթները կարողանում էին լուրջ խնդիրներ ստեղծել մեր ֆուտբոլիստներին գրոհի եզրափակման հատվածում, բացի այդ էլ մրցակցի գրոհները միշտ էլ վտանգ էին պարունակում իրենց մեջ։ Ու եթե վստահ չխաղար Չանչարևիչը, ապա Իվան Պերիշիչը կկրկնապատկեր մրցակցի առավելությունը։ Ընդ որում մեր հավաքականի սերբ դարպասապահը ևս մի քանի դրվագներում իր բարձրության վրա էր։ Մեր թիմը թերևս գոլային իրական մեկ հնարավորություն ունեցավ, բայց Բալեկյանը վրիպեց նպաստավոր դիրքից։
Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում
Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց։ Մեր թիմը և՛ այս խաղում, և՛ երեք օր առաջ Թուրքիայի հավաքականի հետ խաղում իրեն դրսևորեց որպես մեկ բռունցք։ Տղաները պայքարեցին մինչև վերջ։ Եվ երկու ուժեղ մրցակիցների հետ երեք օրվա ընդմիջումով խաղալը անկասկած շատ դժվար է։ Իսկ Հայաստանի հավաքականը խորվաթների հետ խաղի վերջնամասում փորձում էին արագ հակագրոհներ կատարել և սպառնում էին մրցակցի դարպասին։ Ափսոս, որ մենք չհաղթեցինք Թուրքիային, որի հնարավորությունը անկասկած ունեինք։ Այդ դեպքում Խորվաթիայից կրած պարտությունն ավելի թեթև հետևանքներ կունենար։
Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում
Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը վաստակած 7 միավորով ընթանում է երրորդ տեղում։ Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր։Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը Եվրո-2024-ի խմբային ընտրական փուլի շրջանակում անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Այդ օրը մեր հավաքականը հյուրընկալվելու է Լատվիայի ընտրանուն։
Հայաստան–Խորվաթիա հանդիպումը Երևանում