Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները կապված չեն հակամարտության հետ․ Պետդեպ

Պետդեպ
Նշվում է, որ զորավարժությունները սովորական բնույթ են կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները սովորական բնույթ են կրում և որևէ կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստեղծված լարվածության հետ։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ոչ մի կապ չունեն որևէ այլ իրադարձության հետ», - ասել է նա:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-20-ը ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում կայանալիք զորավարժություններն ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններում ԱՄՆ ուժերի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը:
Իսկ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում և Արմավիրում։