ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ ռազմական գործողության գոտում զորքերի միացյալ խմբավորման նախկին հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի ղեկավար: Տեղեկությունը հայտնում է EADaily պարբերականը։
Սուրովիկինին նոր պաշտոնում նշանակելու մասին հայտնել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը: Պարբերականի տվյալներով՝ գեներալի ընտրության քվեարկությունն անցել է միաձայն։
EADaily-ն հիշեցնում է, որ գեներալ Սուրովիկինը տեղեկատվական դաշտից «անհետացել» էր 2023 թվականի հունիսի 24-ին, երբ նա դիմել էր «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկներին՝ կոչ անելով դադարեցնել Պրիգոժինի ապստամբությունը։ Մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որում պատկերված է գեներալը կնոջ հետ Մոսկվայում զբոսնելիս։
Ավելի վաղ «Ռուսաստանի սպաների» նախագահության ղեկավար Սերգեյ Լիպովան հայտնել էր լրագրողներին, որ Սուրովիկինը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրության տակ, մինչ նախագահի վարչակազմի հետ համաձայնեցվում են նրա նոր պաշտոնը և ծառայության վայրը: