ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական հատվածի արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ 2019 թվականի համեմատ ավելացել է 15 տոկոսով և հասել 34 մլրդ դոլարի։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորում-2023–ի շրջանակում «Եվրասիական ագրոէքսպրես. Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առևտրի նոր հնարավորություններ» թեմայով նստաշրջանի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Մեծ հոսք է գնում նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ավանդական տեսականին բոլորին հայտնի է` յուղեր, սոյայի հատիկներ։ Բացի այդ, այժմ նոր արտադրանք է հայտնվել` մսամթերք, թռչնամիս, հրուշակեղեն, ենթամթերք։ Այս ամենը տեղի է ունենում ԵԱՏՄ–ում ագրոպարենային արտադրանքի արտադրության կայուն աճի ֆոնին», – ասել է Սլեպնյովը։
ԵՏՀ նախարարի խոսքով` Եվրասիական տարածաշրջանում պարենամթերքի մասով փոխադարձ առևտուրը վերջին 20 տարում 8,5 անգամ աճել է և հասել ավելի քան 15 մլրդ դոլարի։
Միևնույն ժամանակ, փորձագետների գնահատականներով, մինչև 2035 թվականը փոխադարձ առևտրի ծավալը կարող է գրեթե կրկնակի էլ ավելանալ և կազմել շուրջ 30 մլրդ դոլար։
«Այսպիսով մեր միությունը կարող է պարենային անվտանգության երաշխավոր լինել ոչ միայն սեփական բնակչության համար, այլև երկրների ավելի լայն շրջանակի։ Սակայն այդ մասին մենք իհարկե կարող ենք խոսել միայն կայուն լոգիստիկայի համատեքստում», – ասել է Անդրեյ Սլեպնյովը։
ԵՏՀ առևտրի գծով նախարարը նշել է նաև, որ ագրոարդյունաբերական արտադրանքն այսօր պարենային անվտանգության տեսանկյունից առանցքային է, սակայն նման ապրանքների մատակարարումը ցույց է տալիս առկա լոգիստիկ խնդիրները։