ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակներում ՀՀ դեսպանությունում կայացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնացել են Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։
«Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան Արշակ Փոլադյանը»,– տեղեկացնում են նախարարությունից։
Քննարկվել է ՀՀ-ԱՄԷ երկկողմ հարաբերությունների դինամիկան։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են արել երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման գործում հայ համայնքի դերակատարմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ։
Միրզոյանն ԱՄԷ–ում արդեն հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի, ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանիի հետ։