ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղերձ է հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն։ Ինչպես հայտնում է «Irna»-ն։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Ըստ նրանց՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,– ասել է Քանանին։
Նա ընդգծել է, որ Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության հարցում զգայուն է և ուշադիր հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Քանանին վստահեցրել է` Իրանի սահմաններն անվտանգ են, և իրենք ապահովում են սեփական սահմանների անվտանգությունը:
«Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը: Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները»,– նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: