Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում և վարպետության դաս անցկացրել սկսնակների համար

Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում
Գեղասահորդուհին հաճույքով է ընդունել Երևանում ելույթ ունենալու հրավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում ՌԴ մայրաքաղաքի 876-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարարական կենտրոնը։
«Ռուսաստանի գրան պրիի եզրափակիչի հաղթող գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Հայաստանի մայրաքաղաքում Մոսկվայի 876–ամյակին նվիրված սառցե շոուի ժամանակ։ Միջոցառումը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի հետ համատեղ», – նշված է հաղորդագրությունում, որը հրապարակվել է կենտրոնի Telegram–յան ալիքում։
Միջոցառմանը ելույթ են ունեցել դպրոցի պատանի տաղանդավոր գեղասահորդուհիները, իսկ շոուի կուլմինացիան դարձել է Ադելիա Պետրոսյանի ցուցադրական ելույթը։ Նա նաև վարպետության դաս է անցկացրել սկսնակ մարզիկների համար։
«Հաճելիորեն զարմացած էի, երբ իմացա, որ Երևանում տոնում են Մոսկվայի օրը, և հաճույքով ընդունեցի Երևանում «Մոսկվայի տան» հրավերը։ Ուրախ եմ, որ կարող էի օգտակար լինել», – ասել է գեղասահորդուհին։
«Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ընդգծել է, որ կենտրոնը կշարունակի օգնել դպրոցին և աջակցել մարզական կրթությանը։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Մոսկվային նվիրված միջոցառումների շրջանակում «Մոսկվայի տունը» Երևան էր հրավիրել հայտնի սուսերամարտիկ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանին, իսկ այս տարի որոշել է պատանի գեղասահորդներին ուրախացնել և հանդիպում կազմակերպել Ադելիա Պետրոսյանի հետ։
Ադելիա Պետրոսյանը Երևանում
«Հուսով ենք, որ նրա հետ շփումն ավելի կոգևորի և կոգեշնչի երեխաներին նոր ձեռքբերումների և հաղթանակների համար», – ընդգծել է Կարապետյանը։
Մոսկվայի օրվան նվիրված միջոցառումներն ավանդաբար անցկացվում են Հայաստանում ՌԴ դեսպանատան և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Մոսկվայի կառավարության, արտաքին տնտեսության և միջազգային կապերի դեպարտամենտի, Երևանում «Մոսկվայի տան» մշակութային–գործարարական կենտրոնի հովանու ներքո։
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը 16 տարեկան է։
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո