Ընդդիմությունը պահանջել է Վրաստանի վարչապետի իմպիչմենթը «ինքնաթիռային սկանդալի» պատճառով

Իրակլի Ղարիբաշվիլի
Վարչապետն իբր Փենսիլվանիայի համալսարան ընդունված որդուն ԱՄՆ է տարել կառավարական ինքնաթիռով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ընդդիմադիր «Լելո Վրաստանի համար» խորհրդարանական կուսակցությունը հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Լևան Սամուշիան։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Դժգոհության առիթ է հանդիսացել այն, որ Ղարիբաշվիլին իբր կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով։
««Լելո» կուսակցությունը որոշում է ընդունել իմպիչմենտի ընթացակարգ սկսելու մասին` կապված վարչապետ Ղարիբաշվիլիի կատարած հնարավոր հանցագործության հետ»,-հայտարարել է Սամուշիան:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում լուսանկար էր հայտնվել, որում Ղարիբաշվիլին, ինչպես պնդում էին, գտնվում է ԱՄՆ-ում: Ավելի ուշ Վրաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտը հաստատել էր այդ տեղեկությունը` նշելով, որ կաբինետի ղեկավարն ԱՄՆ է գնացել որդու հետ, որն ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան: Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄՆ մասնավոր այցի համար նա օգտվել է չարտերային չվերթից։
Չարտերային չվերթի մասին տեղեկություններն իրարանցում են առաջացրել վրացական հասարակության շրջանում։ Շատերը կարծում են, որ հանրապետության կառավարության ղեկավարի աշխատավարձը թույլ չի տալիս նրան մասնավոր ինքնաթիռ վարձել։ Վրացական ընդդիմադիր «ԹՎ Փիրվելի» հեռուստաալիքը շաբաթ օրը հայտնել էր, որ վարչապետը ԱՄՆ է մեկնել կառավարական ինքնաթիռով: Թռիչքը կայացել է օգոստոսի 19-ին։