ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ Խորվաթիայի հետ խաղում մարտավարական մեծ փոփոխություններ չեն լինի, միայն թիմի ավագ Վարազդատ Հարոյանը խաղին չի մասնակցի։ Այս մասին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի դեմ առաջիկա հանդիպման նախաղախային ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Այժմ աշխատւոմ ենք հավաքականի վերականգնման վրա մեր մերսողների, բժիշկների հետ։ Վաղվա մեր հաղթանակի գրավականը կարող է լինել մեր նվիրումը, ինչ-որ առումով բախտի գործոնը, և այն, որ խաղում ենք տանը, մեր երկրպագուների համար, Երևանում»,- նշեց Պետրակովը:
Խոսելով ֆուտբոլիստներից մի քանիսի մասին գլխավոր մարզիչը շեշտեց, որ վաղվա խաղում մարտավարական առումով մեծ փոփոխություններ չեն լինի, բայց թիմի ավագը՝ Վարազդատ Հարոյանը, կբացակայի: Նա շեշտեց, որ Հարոյանը երեկ մարզվել է, ինչից հետո գնացել է տուն, այսօր էլ լինելու է մարզմանը, սակայն որոշեց ինտրիգ պահել, թե Հայաստան-Խորվաթիա խաղին ով կլինի ավագի թևկապով։
Պետրակովը շեշտեց՝ նախկինում կարգ կար, որ ամենաավագը և շատ հանդիպումներ անցկացրածն էր ավագի թևկապը կրում, բայց ինքն առաջարկել է փոխել այդ կարգը, և իր հետ համաձայնել են: Անդրադառնալով Վահան Բիչախչյանին, որը ձեռքի հետ խնդիր ունի, նա ընդգծեց, որ այսօրվա մարզումից հետո պարզ կլինի՝ ֆիքսված ձեռքով վերջինս կկարողանա մարզադաշտ դուրս գալ, թե ոչ։
Ինչ վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, Պետրակովը շեշտեց, որ մինչ խաղերը նա չի իմացել ֆուտբոլիստի վնասվածքի մասին, նրան այդ մասին չեն հայտնել, այդ պատճառով հավաքականի մեկ այլ անդամով չեն փոխարինել։
«Ինձ դուր է գալիս, թե հավաքականն այսօր ինչ վիճակում է մոտենում խաղերին, ինչպես է մոտենում յուրաքանչյուր խաղին և ինչպես է կատարում իր աշխատանքը: Ես գոհ եմ իմ թիմից, իմ ֆուտբոլիստների խաղից և աշխատանքի նկատմամբ նրանց մոտեցումից»,- ասաց Պետրակովը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն էլ հայտնեց, որ հիանալի տրամադրություն ունի, իրեն էլ լավ է զգում, երբ Երևանում է ու հավաքականում։ Նա շեշտեց՝ ցանկությունը մեծ է լավ արդյունք ունենալու, հատկապես որ սեփական հարկի տակ են խաղալու։ Ֆուտբոլիստը վստահեցրեց՝ վախ չկա, միայն անհանգստություն է, որ կվերածվի մոտիվացիայի։
Նաիր Տիկնիզյան
© Sputnik / Aram Nersesyan
«Խորվաթիան Եվրոպայի լավագույն հավաքականներից է, ուրախ կլինեմ վաղը խաղալ նման բարձրակարգ խաղացողների դեմ։ Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին ու ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու, հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար»,- ասաց Տիկնիզյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի դեմ խաղն ամենալարված խաղերից է եղել, էմոցիաների առումով առանձնահատուկ, իսկ այն, որ թուրք երկրպագուներն փորձել են իրենց հունից հանել, Հայաստանի հավաքականի տղաների մոտ միայն ժպիտ է առաջացրել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Եվրո-2024» փուլի 6-րդ տուրում Երևանում Հայաստանի հավաքականը կընդունի Խորվաթիայի թիմին։ Իսկ ավելի վաղ՝ 5-րդ տուրում, Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ Խորվաթիան 5:0 հաշվով հաղթել էր Լատվիային։
D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղում Խորվաթիայի հավաքականն է 7 միավորով։ Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Լատվիան 0 միավորով եզրափակում է ցանկը։