ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հերքել է դիվանագիտական ներկայացուցչության անունից սոցիալական ցանցերում տարածվող հերթական ֆեյքը: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
Կեղծ հրապարակման մեջ, որի սքրինշոթը դեսպանը կցել է հաղորդագրությանը, ասվում է, թե իբր Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին խնդրում է զերծ մնալ Սյունիքի մարզ այցելություններից:
«Ոչ մի նոր բան. զբոսաշրջիկների համար մեր առաջարկությունները վերջին անգամ թարմացվել են 2023 թվականի հուլիսի 18-ին և Հայաստանի Սյունիքի մարզն ընդգրկված է մեր Հայաստանի քարտեզում, ինչպես և պետք է լինի», - կարճ գրել է Դըկոտինյին ի պատասխան սադրանքի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին դեսպան Դըկոտինյին ստիպված էր հերքել նմանատիպ մի գրառում, որում ասվում էր, թե Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստանի հարավային շրջաններ: